Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կրամերն ընդդեմ Կրամերի»

«Կրամերն ընդդեմ Կրամերի»
04.03.2016 | 01:34

Ընտրական օրենսգիրքը վերջապես դրվեց շրջանառության մեջ: Մեկնարկն սկսվեց Վենետիկի կայքից` Մոգերինիի այցին զուգահեռ:
Մի պահ անտեսենք հանգամանքը, որ փաստաթուղթը մշակող հայաստանյան հանձնաժողովը ոչ միայն խախտել է հրապարակայնության էթիկան, այլև նախագահի հրամանագիրը, ինչն արձանագրում էր` նախագիծը ԱԺ-ում պետք է շրջանառվեր մարտի 1-ից։ Նկատենք, որ գործընթացը Վենետիկից սկսելը խիստ կոդային էր այն առումով, որ նույն «Յուրոփը» ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի, Հայաստանում ԵՄ դեսպանի, Հայաստան ժամանած ԵՄ գերագույն հանձնակատարի «ձեռքամբ» տնային աշխատանք էր տվել Սահմանադրությունն արագ-հապճեպ ընդունած իշխանություններին, վերջիններիս շատ հստակ հասկացնելով` 2017-ի ընտրություններին ինքը շատ «ջերմեռանդ» շահառու է լինելու:
Չմոռանանք, որ նույն «Յուրոփ»-Արևմուտքը սահմանադրական հանրաքվեի ժամանակ նույնպես ոչ պակաս շահառու էր և` բավականին «հետաքրքիր» քաղտեխնոլոգիաներով, թիմերով, հայոց ընդդիմության համատարած ինֆանտիլության պայմաններում, կարողացավ ի չիք դարձնել սահմանադրական հանրաքվեի ժամանակ նկատված լուրջ խախտումները:
Իսկ 2017-ի խորհրդարանական ընտրությունները խիստ բախտորոշ են լինելու Հայաստանի համար, որովհետև «փորձարկվելու» է խորհրդարանական համակարգը, որի ամենամեծ շահառուն իշխանությունն է. որոշվելու է վերջինիս լինելության և շարունակականության հարցը: Իսկ «Յուրոփը» ժողովրդավարության անունից փորձելու է իր ոտնատեղն ամրացնել ոչ միայն Հայաստանում, այլև անչափ կարևոր զարգացումների փուլ թևակոխած տարածաշրջանում: ՈՒստի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ որևէ մեկի համար ՀՀ Ընտրական օրենսգիրքը զուտ իրավական փաստաթուղթ չէ, այն գործիք է, որով կխաղան հանուն իրենց շահերի սպասարկման։
ՈՒստի և իսկապես հետաքրքիր էր, որ օրենսգրքի մեկնարկն սկսվեց Վենետիկից:
Հաջորդ հետաքրքիր հանգամանքն արդեն տեղական նշանակության է. ինչ վերադասավորություններ են տեղի ունենալու հետայսու, որովհետև «Ընտրական օրենսգրքի կաղապարը» արդեն իսկ ազդանշանում է` ում համար է այն «ղողանջելու»: Այդ «ղողանջի» տակ տողանի շարված իշխանության քարտեզն էլ ինքնին պարզ է: Ընդ որում, քարտեզն այդ այնպես է գծված, որ թե՛ «Յուրոփը», թե՛ Ռուսաստանը, որպես հիմնական խաղացողներ, իրենց վերջին հույսը դնեն նոր ձևավորված իշխանական «զույգի» վրա:
Ի դեպ, դաշտում մնացած «ամուրիները»` պրոռուսական և պրոարևմտյան քաղաքական ուժերը, հիմնականում նույնպես իշխանական «հովանոցի» տակ են գործում:
Ինտրիգը մնում է մեկը` նոր կուսակցություններ կստեղծվե՞ն, թե՞ վերադասավորությունները կընթանան առկա կուսակցությունների շրջանակներում: Արդեն իսկ տեղեկատվություն կա, որ թե՛ Վարդան Օսկանյանի, թե՛ Արա Աբրահամյանի կուսակցություններ ստեղծելու իդեա-ֆիքսերը տապալվել են:
Հասկանալի է, չէ՞, մեկը ստեղծվում էր մյուսի դեմ` «Կրամերն ընդդեմ Կրամերի» սկզբունքով. եթե լիբանանցի Վարդան Մինասիչը արևմտյան ուղղվածությամբ կուսակցություն ստեղծեր, կստեղծվեր նաև մալիշկացի Արա Արշավիրիչի ռուսական ուղղվածություն ունեցող կուսակցությունը: Սակայն, ինչպես ասացինք, «բալը ոչ միայն թանկ է», այլև պահանջարկ դեռևս չունի:
Սակայն սա ամենը չէ. նկատենք, որ օրերս կուսակցություն ստեղծելու հավանականության մասին է խոսել ոչ անհայտ Լևոն Բարսեղյանը: Այո, քաղաքացիական «մեծ» պայքարի և բողոքական զանգվածի «ալքիմիկոս» Լևոն Բարսեղյանը. այդ նրա «թիմն» էր, որ անչափ գրագետ «քյալլա էր տալիս» սահմանադրական հանրաքվեի ժամանակ` բավականին հետաքրքիր արդյունքներով: Համ էլ` ինքը դեռ մեղադրված չէ «փողերի լվացման մեջ», ինչպես Օսկանյանը, չունի ներհայաստանյան այնպիսի արտահայտված կապեր, որպիսիք ունի Օսկանյանը:
Այնպես որ, «օրենսգրքային» զարգացումները դեռ առջևում են:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ